Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն այսօր մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է այն փաստը, որ մեր երկրների փորձագիտական խմբերի աշխատանքի արդյունքում մշակվել են մի շարք ոլորտներում մեր երկու երկրների փոխգործակցության հետագա ուղենիշները:
Արձանագրվել է առևտրի, արդյունաբերության, առողջապահության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել երկու երկրների փորձագիտական պատվիրակություններին կատարված նախապատրաստական արդյունավետ աշխատանքի համար և վստահեցրել, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները արդյունավետ կերպով կշարունակեն համագործակցությունը՝ այսօր ստորագրվելիք փաստաթղթում արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ստորագրված փաստաթղթում շրջակա միջավայրի և ջրային ոլորտին առընչվող դրույթները։
