ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.04.2021
Ապրիլի 25-ի Համապետական ծառատունկին ընդառաջ

Ինչպես ընտրել տարածք ծառերի տնկման համար
Տարածքի ընտրությունը կարևոր է ինչպես առանձին ծառերի, այնպես էլ լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման համար։ Ընտրության ժամանակ պետք է հաշվի առնվեն բազմաթիվ գործոններ, այդ թվում.
Բնակլիմայական պայմանների և նախկին բուսական ծածկոցի մասին մանրամասն տեղեկատվությունը, որը թույլ է տալիս ավելի ստույգ պլանավորել ապագա տնկարկի տեսակային կազմը և կառուցվածքը։
Լանդշաֆտային գործոնը, քանի որ եթե մենք ընտրում ենք տարածքներ արդեն իսկ առկա անտառային տարածքների մերձակայքում, ապա կտրուկ բարձրացնում ենք հիմնադրվող անտառային տնկարկների կայունությունը։
Լեռնագրական գործոնները, այդ թվում ծովի մակարդակից բարձրությունը, կողմնադրությունը, և լանջի թեքությունը։
Վտանգված ապրելավայրի պաշտպանության գործոնը, համաձայն որի ցանկալի է ընտրել այնպիսի տարածքներ, որտեղ անտառապատման միջոցառումները կարող են բարելավել արդեն իսկ վտանգված ապրելավայրերը։
Ընտրված հողային տարածքների սեփականության ձևը (պետական, համայնքային, մասնավոր), որը կարևոր է հետագա խնամքի և պահպանության ապահովման համար։
Տարածքի ցանկապատման անհրաժեշտությունը և հնարավորությունները։