ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.04.2021
Համապետական ծառատունկին ընդառաջ խորհրդակցություն Շրջակա միջավայրի նախարարությունում

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների և Երևանի փոխքաղաքապետերի հետ խորհրդակցություն-քննարկում է անցկացվել, որին մասնակցել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը։
Քննարկվել են Երևան քաղաքում և մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական  ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։
Ողջունելով ներկաներին, նախարարը նախ ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա անդրադարձել այդ նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին, հորդորել գործընկերներին անել հնարավորը՝ ծառատունկի աշխատանքներն  առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։
Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է.

100 000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի հատկացնել Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար,
200 000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարածքներում տնկելու համար։
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա. Պետրոսյանը ներկայացրեց նախատեսված տնկանյութի բաշխումն ըստ մարզերի.

ք. Երևան – 25.000
Արագածոտնի մարզ – 7000,
Արարտի մարզ- 7000,
Արմավիրի մարզ – 6000,
Գեղարքունիքի մարզ –8000,
Կոտայքի մարզ – 10.000,
Լոռու մարզ-7000,
Շիրակի մարզ – 10.000,
Սյունիքի մարզ – 7000,
Տավուշի մարզ – 6000,
Վայոց ձորի մարզ – 7000։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ. Ցուգունյանը ներկայացրել է տնկվող ծառատեսակները՝ կաղնի, հացենի, թխկի, ընկուզենի, խնձորենի և տնկման համար նախատեսված տարածքներն ըստ հեկտարների։ Նա տեղեկացրեց, որ ՊՈԱԿ-ի մասնագետները պատրաստ են օժանդակել տնկման աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությամբ։
Քննարկվել են նաև տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։
Նախարարը խնդրել է գործընկերներին պատշաճ իրազեկել հանրությանը՝ ծառատունկի անցկացման վայրերի և մասնակցելու եղանակների մասին՝ տրամադրելով համայնքային և անտառային տունկի համակարգողների կոնտակտները։
Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել համապետական ծառատունկին, կարող են դիմել`
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե՝ էլ հասցե՝  info@forestcommittee.am,  հեռ.՝ (010) 65 17 38 կամ զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմ 098 888283 հեռախոսահամարով։