ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.12.2024
Համագործակցություն հասարակական կազմակերպությունների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծվել է կոմիտե:
Կոմիտեի աշխատանքներն առավել ներառական դարձնելու նպատակով նախատեսվում է համագործակցություն բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ։
Հասարակական կազմակերպությունները պետք է ակտիվ և գործուն մասնակցություն ունենան Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակում բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման, ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում, տարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գան մասնագիտական եզրակացություններով ու առաջարկություններով, ինչպես նաև՝ համագործակցեն տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իրենց գործունեության մեջ ներգրավելով նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների։
Կոմիտեի աշխատանքներին աջակցելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունները պետք է անդամակցության նամակ-հայտերը ներկայացնեն press@env.am էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Կողմերի 17-րդ համաժողով»։
Հայտը   պետք է ներառի՝
- Անուն, ազգանուն,
- Կազմակերպության անուն,
- Եթե կազմակերպություն է, ղեկավար կազմի տվյալները և կազմակերպության անդամների թիվը,
- Հեռախոսահամար,
- Էլեկտրոնային հասցե,
- Կազմակերպության/ անհատի վերջին երեք տարվա գործունեության համառոտ նկարագիր, մասնավորապես՝ կենսաբազմազանություն-կլիմա, կենսաբազմազանություն-մարդու իրավունքներ, կենսաբազմազանություն-հանրային առողջություն, կենսաբազմազանություն-հանրային իրազեկում և էկոկրթություն ոլորտներում,
- Ինչ այլ հասարակական կազմակերպությունների / նախաձեռնությունների հետ է համագործակցում,
- Իր կողմից իրականացված ծրագրերի շահառուների թիվը։
Կոմիտեի աշխատանքներին աջակցելու համար ընտրվելու է երեք հասարակական կազմակերպություն։
Նախապատվությունը կտրվի այն Հասարակական կազմակերպություններին, որոնք կներկայացնեն մի քանի ՀԿ-ների կոալիցիա, դաշինք կամ խումբ։
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 19-ն  է։
Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել 011818555/5172 հեռախոսահամարով։