ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.03.2025
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է կարկուտի հետևանքներից տուժած այգիների սեփականատերերին

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է կարկուտի հետևանքներից տուժած այգիների սեփականատերերին:
Արարատի մարզի Արմաշ համայնքում տեղացել է կարկուտ, որից վնասվել են ծաղկած ծառերը։
Արարատի խոշորացված համայնքում գործում է 28 գազագեներատորային հակակարկտային կայանքներ։ 
Ամեն տարի մարտին Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով սկսվում են գազագեներատորային հակակարկտային կայանքների ապակոնսերվացման աշխատանքներ, ձեռք են բերվում համապատասխան պահեստամասեր կայանքները գործարկելու համար։ Միևնույն ժամանակ ՊՈԱԿ-ը կայանքների ապակոնսերվացման աշխատանքների վերաբերյալ  գրություն է ուղարկում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որպեսզի, համայնքներում սեփականության իրավունքով գործող գազագեներատորային հակակարկտային կայանքները նույնպես բերվեն աշխատանքային վիճակի։
 Կայանքների գազի ձեռքբերման աշխատանքներն իրականացվում է համայնքի կողմից, իսկ ակտիվ ներգործության աշխատանքները՝ ՊՈԱԿ-ի։
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Արարատի հակակարկտային կենտրոնի մասնագետները այս պահին Արմաշում՝ դաշտում իրականացնում են ապակոնսերվացման աշխատանքներ։ Առկա 5 կայանքներից 4-ն արդեն ապակոնսերվացվել են:
Արմաշ համայնքի բնակիչներն առաջարկել են կայանքների ապակոնսերվացման աշխատանքներն սկսել Արարատի մարզի ամենացածրադիր գոտուց՝ Արմաշ, Սուրենավան, Երասխ։ Առաջարկեցին նաև կայանքները կարգի բերելուց հետո փորձարկել դրանք։
Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ քննարկվում է նախագիծ` համապատասխան որի կայաննքերի կառավարումը տրամադրվելու է համայանքներին։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն  Ազիզյանը խոստացել է,  որ մինչև ապրիլի 5-ը բոլոր կայանքները կբերվեն աշխատանքային վիճակի։