ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.11.2024
Գորիսի դպրոցի սաները մասնակցել են գործնական դասընթացին

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով:
Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով: 
Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։
Դասընթացը կազմակերպվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Անտառների կայուն կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ՄԱԿ ՊԳԿ-ի, Ավստրիական զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի և Բոլցանո ինքնավար նահանգի (Իտալիա) կողմից։ Ծրագրին զգալի ծավալի ֆինանսավորում է տրամադրում նաև  Հայաստանի կառավարությունը։ 
Դասընթացների հիմնական թեմաներն էին տնկիների արտադրությունը, էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները՝ անտառների կայուն կառավարման համար։