Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել են երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման։
Նիստին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, ոլորտը ներկայացնող գերատեսչությունների և գիտական կենտրոնների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
2004 թվականից ապրիլ ամսվա առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկրաբանի մասնագիտական տոն՝ Երկրաբանի օր , ինչը խորհրդանշում է երկրաբանական արշավների և դաշտային աշխատանքների սկիզբը (3 հունիսի 2004 թվականի N 936-Ն ՀՀ կառավարության որոշում):
Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։
Շնորհավորելով երկրաբաններին և երկրաբանության ոլորտի ներկայացուցիչներին, նախարարն անդրադարձել է ոլորտի կարևորությանը և շնորհակալություն հայտնել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանին, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ներկայացուցիչներին՝ ոլորտի համար գիտական հենքի ապահովման գործում ավանդի և որակյալ մասնագիտական կադրերի պատրաստման համար։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է կլիմայական մարտահրավերներին և այդ համատեքստում խոսել երկրաբանի մասնագիտության դերի ու նշանակության մասին.
«Երկրաբանությունը ոչ միայն գիտություն է, այլ նաև շրջակա միջավայրի ուսումնասիրության և զարգացման գլխավոր ու առանցքային գործիք, ուստի մեր ոլորտը մշտապես ունի թարմ և նորարար գիտելիքի ու գաղափարների կարիք, ոլորտի կառավարմամբ զբաղվող պետական գերատեսչությունները բաց և պատրաստակամ են նոր կադրերի ներգրավման և համագործակցության համար»,-նշել է նախարարը և ներկայացրել վերջին չորս տարիներին նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված և փորձաքաննական եզրակացություններ ստացած հանքավայրերի արդյունահանման և ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն, դրանով իսկ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ ոլորտը զարգացում է ապրում և որակյալ ամասնագետների կարիք ունի։