Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիայի Ջրի և առողջության մասին արձանագրության Կողմերի հանդիպման վեցերորդ նիստը:
Նիստերին մասնակցել են «Ջուր և առողջություն» արձանագրության ինչպես կողմ հանդիսացող, այնպես էլ կողմ չհանդիսացող երկրներ։ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ։
Շրջակա միջավայրի նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանն իր ելույթում անդրադարձել է ջրի և առողջության օրակարգի հետ կապված ՀՀ առաջընթացներին ու ձեռքբերումներին, մասնավորապես՝ «ԵՄ ջրային նախաձեռնություն +» և «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրերի շրջանակներում «Ջուր և առողջություն» արձանագրության ազգային թիրախների մշակման, դրանց վերանայման, ԵՄ դիրեկտիվներին ջրային օրենսդրության մոտարկման գործընթացների իրականացմանը, ինչպես նաև Ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության դերին՝ երկրում ջրի և առողջության գործընթացին աջակցելու գործում:
Լիլիթ Աբրհամյանը Շրջակա միջավայրի նախարարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ մշտապես աջակցելու և շարունակական համագործակցության համար:
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է դեռևս 1999 թվականին Լոնդոնում, սակայն մինչ օրս չի վավերացվել։ Այնուամենայնիվ, երկրում իրականացվել է ջրի և առողջության օրակարգի հետ կապված գործընթաց, հաշվի առնելով, որ Ջրի և առողջության մասին արձանագրությունն իրավական պարտավորեցնող գործիք է, որը նպատակաուղղված է խմելու անվտանգ և բավարար ջրի ապահովմանը՝ ջրային ռեսուրսների կայուն կառավարման միջոցով։
Վերջին 20 տարիների ընթացքում Արձանագրությունն աջակցել է Համաեվրոպական տարածաշրջանում ջրի, սանիտարական և առողջապահական ոլորտներում զգալի առաջընթացին՝ շնորհիվ իր թիրախային մեխանիզմի: Այն հզոր գործիք է կայուն զարգացման 3-րդ և 6-րդ նպատակներին հասնելու համար: