ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.10.2024
Տեղի է ունեցել «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստը։
Խորհրդի նիստի ընթացքում ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարության «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից ֆինանսավորվող «Անցում էլէկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի ընթացքը, ռազմավարական ուղղությունները և համակարգման աշխատանքները։ 
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Ծրագրի նշանակությանը.
«Ոլորտային առումով մեզ համար շատ կարևոր է Ծրագիրը թե՛ հետագա ենթակառուցվածքների զարգացման, թե՛ ռազմավարությունների և քաղաքականությունների մշակման տեսանկյունից։ Լավ արդյունքի պարագայում մենք կունենանք հնարավորություն Հայաստանում խթանել էլեկտրամոբիլների կիրառումը։
Իհարկե, հիմա էլ ոլորտը մեծ տեմպերով զարգանում է, բայց Ծրագիրը պետք է օգնի  պատասխանել այն հարցին, թե ենթակառուցվածքները Հայաստանում ինչ վիճակում են գտնվում և ինչպես են դրանք զարգանալու, այդ թվում Կառավարության ամբողջական ներգրավման արդյունքում»,-նշել է նախարարը։
Նախարարը նաև հանձնարարել է ընդլայնել Ծրագրի շահառուների շրջանակը՝  ներառելով քաղաքականություն մշակողներին և ոլորտային որոշում կայացնողներին, որպեսզի դրանք լինեն առավել հասցեական և համապարփակ։
Հիշեցնենք, որ Ծրագիրը  նպատակ ունի նպաստել տրանսպորտի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված ՀՀ ազգային նպատակների և Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացմանը։
Այն իրականացվում է 3 Բաղադրիչների միջոցով՝

  • Ցածրածխածնային շարժունակության ինստիտուցիոնալիզացում և ռազմավարական պլանավորում,
  • Կարճաժամկետ արգելքների վերացում ցածրածխածնային էլեկտրական շարժունակության ցուցադրական ծրագրերի միջոցով,
  • Քաղաքականության մշակում պիլոտային ծրագրի փորձի հիման վրա՝ ցածրածխածնային էլեկտրական շարժունակության ընդլայնման և վերարտադրելիության ապահովման նպատակով։