Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին և գործադիր տնօրենի տեղակալ Արա Մակարյանին։
Տեղեկացնենք, որ 2025թ. փետրվարի 18-ին Հարավային Կորեայում տեղի ունեցած Կանաչ Կլիմայի Հիմնադրամի (GCF) Խորհրդի 41-րդ տարեկան ժողովի ընթացքում «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն ստացել է հավատարմագրում՝ դառնալով Հայաստանում GCF-ի կողմից հավատարմագրված առաջին և միակ մասնավոր կառույցը։
«ԱրմՍվիսԲանկը», առաջադրվելով ՀՀ պետական լիազոր մարմինների կողմից, 2020 թվականից գտնվում էր Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրվելու գործընթացում։
Հավատարմագրման շնորհիվ բանկը ստացել է ուղիղ հասանելիություն աշխարհի խոշորագույն կլիմայական ֆինանսավորման հիմնադրամին՝ հնարավորություն ստանալով ներգրավել մինչեւ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ միջոցներ՝ Հայաստանի կլիմայական օրակարգին համապատասխան ծրագրերի ֆինանսավորման համար։
Բանկը կկենտրոնանա էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, կայուն ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ այլ բնապահպանական նախագծերի ֆինանսավորման վրա, որոնք կնպաստեն ՀՀ կլիմայական ռազմավարության իրականացմանը։
Նախարարի տեղակալը շնորհավորել է գործընկերներին և իր ուրախությունն հայտնել, որ «ԱրմՍվիսԲանկը» կլինի այն կառույցը, ով լինելու է էկոլոգիապես կայուն ծրագրերի ֆինանսավորող դերակատար Հայաստանում։
Նա ընդգծել է, որ այս քայլը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համատեղ նպատակների հասնելու համար։
Նա հավելել է, որ «ԱրմՍվիսԲանկը» իր մասնակցությամբ կբալանսավորի հանրային և մասնավոր հատվածի համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանի կլիմայական քաղաքականության մեջ ամուր և երկարատև փոփոխությունների իրականացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, որոնք կպահանջեն կառավարության և «ԱրմՍվիսԲանկի» համագործակցությունը, հատկապես կանաչ ներդրումների և էկոլոգիապես կայուն նախագծերի ֆինանսավորման ոլորտում։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդգծել է, որ Հայաստանի կլիմայական ռազմավարությունը պահանջում է հետևողական մոտեցում և միջազգային աջակցություն,իսկ «ԱրմՍվիսԲանկի» հավատարմագրումը GCF-ի կողմից ոչ միայն հնարավորություն է տալիս ներգրավել միջազգային ֆինանսավորում, այլ նաև հնարավորություն ստեղծում համագործակցելու միջազգային կազմակերպությունների հետ՝ ապահովելով կայուն ու երկարաժամկետ լուծումներ կլիմայական մարտահրավերներին։
Բացի այդ, քննարկվել են նաև հետագա քայլերը, որոնք կդիտարկվեն այդ համագործակցության շրջանակներում՝ էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և այլ բնապահպանական ոլորտներում աշխատանքներ իրականացնելու նպատակով։
