ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.09.2025
Ավելի կանաչ և դիմակայուն ապագա Գավառ համայնքի համար

Սեպտեմբերին 17-ին Հայաստան ժամանած ԳԴՀ Շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) պատվիրակությունը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և GIZ-ի ներկայացուցիչների հետ այցելեցին Գավառ համայնք:
Այցելության առաջին կանգառը Գավառի քաղաքային այգին էր, որտեղ ԵՄ և BMUKN ֆինանսավորմամբ գործող և GIZ-ի ու OECD-ի կողմից իրականացվող «Դեկարբոնիզացում և կլիմայական դիմակայունություն Արևելյան գործընկերության երկրներում» (EU4ClimateResilience) ծրագրի շրջանակներում մեկնարկում է Գավառի «Երազանքի այգի» նախագիծը:
«Երազանքի այգին» առկա անբարեկարգ քաղաքային այգու վերակերպումն է բնահեն լուծումներով ժամանակակից քաղաքային այգու՝ կլիմայական մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով:
Այգում իրավիճակին ծանոթանալուց հետո քննարկումները տեղափոխվեցին Գավառի համայնքապետարան, որտեղ մանրամասն ներկայացվեց «Երազանքի այգի» նախագծի հայեցակարգը, նախատեսվող աշխատանքները և ժամանակացույցը: 
Քննարկման ընթացքում հատկապես կարևորվեցին ապագա «Երազանքի այգու» բազմանպատակությունը, հիմնադրման մասնակցային մոտեցման և կայունության ապահովման կարևորությունը, ինչպես նաև որպես համաերկրային և տարածաշրջանային մոդել ծառայելու ներուժը: