Կայացել է Երկրի ուսումնասիրության կազմակերպության հողերի դեգրադացիայի չեզոքացման նախաձեռնության գլոբալ երկխոսության առաջին ֆորումը:
Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում կայացած ֆորումին մասնակցել են Շրջակա միջավայր նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ, ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը, Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը, և Կադաստրի կոմիտեի հողային ֆոնդի կառավարման GIS մասնագետ Լուսինե Եղիյանը։
GEO-LDN-ի գլոբալ երկխոսության նպատակն է միավորել երկրներին, որոնք կարևորում են հողօգտագործման պլանավորման և հողերի դեգրադացիայի չեզոքության հասնելու համար երկրագնդի դիտարկման տվյալները, աշխարհատարածական տեխնոլոգիաները և միջոլորտային համագործակցությունը: GEO-LDN-ը որդեգրել է մի մոտեցում՝ օգնելու գործընկեր երկրներին սահմանել կարիքները տարածաշրջանային և ազգային մակարդակներում, առաջադրել համապատասխան լուծումներ, աջակցել գործընկեր երկրների համապատասխան դերակատարներին՝ օգտագործելով երկրագնդի ուսումնասիրության տվյալները՝ վերահսկելու հողերի դեգրադացիան և աշխատելու LDN-ի ուղղությամբ:
Բացման խոսքով հանդես են եկել GEO-LDN-ի և UNCCD-ի քարտուղարության ներկայացուցիչները, ներկայացվեց միջոցառման ճանապարհային քարտեզը։ FAO-ի կողմից ներկայացվեց FAO ILUP գործիքի նոր ուղեցույցները՝ մատնանշելով վերջիններիս կարևորությունը հողերի դեգրադացիայի չեզոքության համատեքստում։
GEO-LDN-ի քարտուղարության և փորձագետների կողմից ամփոփվել են ընդհանուր խնդիրները և առաջարկները, մշակվել է UNCCD-ին ներկայացվող նախնական առաջարկներ՝ ուղղված երկրների հաշվետվողականության տվյալների արժանահավատության բարձրացմանը՝ երկրի դիտարկման տվյալների և աշխարհատարածական տեխնոլոգիաների կիրառմամբ։
Նարինե Հակոբյանը հանդես է եկել զեկույցով և ֆորումի մասնակիցներին ներկայացրել տեղեկատվություն երկրում հողերի դեգրադացիայի չեզոքացմանը հասնելու սահմանված թիրախների, հողային ֆոնդի կառավարման, կադաստրային տվյալների և հողային ծածկույթի տվյալների հավաքագրման, ինչպես նաև տվյալների հետ կապված առկա խոչնդոտների, կարիքների և մարտահրավերների, դրանց հաղթահարման ճանապարհների մասին։
Հայաստանյան պատվիրակության կողմից GEO-LDN-ի քարտուղարությանը առաջարկվեց դիտարկել Հայաստանի ցամաքային ծածկույթի թվային քարտեզի ստեղծման հարցում հնարավոր օժանդակության, ինչպես նաև նմանատիպ հանդիպումներում հաճախակի ներգրավվածության հնարավորությունը։