ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.03.2023
ՇՄՆ-ի տեղակալ Արամ Մեյմարյանը և Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպել են ԲԿերչ Վլադիմիր Իվանովիչի և Կորոտկևիչ Ինեսսա Լեոնիդովնային

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպել են Բելառուսի Հանրապետության Անտառային տնտեսության նախարարի տեղակալ Կերչ Վլադիմիր Իվանովիչի և Հայաստանի Հանրապետությունում  Բելառուսի Հանրապետության դեսպանի խորհրդական Կորոտկևիչ Ինեսսա Լեոնիդովնային։
Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարի տեղակալն անդրադարձել է հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերություններին և համագործակցությանը մասնավորապես շրջակա միջավայրի ոլորտում.
«Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականից: Երկրների միջև ստորագրվել են ավելի քան 70 պայմանագրեր և համաձայնագրեր համագործակցության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ 2016 թվականին Հայաստանի բնապահպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարության  միջև ստորագրվել է  «Հուշագիր շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության մասին»։
Հայ-բելառուսական հարաբերությունները շրջակա միջավայրի պահպանության, մասնավորապես անտառների կայուն կառավարման և անտառվերականգնման ոլորտում ունեն զարգացման մեծ ներուժ, և այս առումով ցանկանում եմ մեր պատրաստակամությունը հայտնել ընդլայնելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը՝ հանուն փոխշահավետ լուծումների»,-նշել է նախարարի տեղակալը։
Արամ Մեյմարյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության բնապահպանական կառավարման քաղաքականությանը՝ նշելով, որ այն ուղղված է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համապարփակ պաշտպանությանը, բարելավմանը, վերականգնմանը և ռացիոնալ օգտագործմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկա պահին  նախարարության առաջնահերթություններից մի քանիսը, մասնավորապես՝ անտառների կայուն կառավարում, անտառների ընդարձակում, անտառվերականգնում և անտառապատում, կենսաբազմազանության պաշտպանություն և կենսաանվտանգության ապահովում, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների հաշվառում, բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացում, հարակից բնակավայրերի կարողությունների զարգացում, անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացում, ինչպես նաև՝  Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնում և պահպանում։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն անդրադարձել է 2022 թվականին անտառների վերականգնման, պաշտպանության և պահպանության ոլորտում փորձի փոխանակման նպատակով կազմակերպված աշխատաժողովին,գործընկերներին է ներկայացրել անտառվերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները, խոսել նախատեսվող ծառատունկերի մասին։ Վլադիմիր Կիրակոսյանը գործընկերների հետ քննարկել է երկու երկրների միջև  տնկիների տրամադրման և գնման գործընթացի հնարավոր  կազմակերպմանն առնչվող հարցեր։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները և քննարկումները՝ հայ-բելառուսական համագործակցության շրջանակներում առաջնահերթ դիտարկվող բոլոր ուղղություններով։