Քննարկմանը մասնակցել են նաև անտառային ոլորտի խնդիրներին առնչվող պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների, միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ կոմիտեի նախագահ Կիրակոսյանն իր ելույթում ընդգծել է, որ հուսադրող է այն փաստը, որ դաշինքն իր գործունեության շրջանակը չի սահմանափակում միայն փաստաթղթերի ստորագրմամբ, այլ այն տեղափոխում է գործնական դաշտ՝ ակտիվ քննարկումների և հանդիպումների միջոցով գտնելու անտառային ոլորտում առկա խնդիրների լուծումները։
«Շրջակա միջավայրի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Վարչապետը հանձնարարել է մշակել և ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ, որտեղ ըստ տարիների նկարագարված կլինեն անելիքներն ու դրանց ծավալները»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ այսօրինակ հանդիպումները, պետք է միտված լինեն նաև այդ ճանապարհային քարտեզի միասնական մշակմանը, քանի որ միայն համադրելով առկա տեղեկատվությունը և միավորելով ջանքերը, մենք կարող ենք ոլորտում իրական բարեփոխումների ականատեսը լինել։
Կիրակոսյանը, անդրադառնալով անտառապատման և անտառվերականգնման տարածքների հայտնաբերման և քարտեզագրման հետ կապված հարցերին՝ ընդգծել է, որ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառտնկումները պլանավորում է անտառկառավարման պլաններով նախատեսված վայրերում։
Հայաստանի անտառային դաշինքի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկման ընթացքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որում ներառված են լինելու տարբեր գերատեսչությունների մասնագետներ, ովքեր ի թիվս այլ աշխատանքների զբաղվելու են անտառապատման համար նախատեսված տարածքների հայտնաբերման և քարտեզագրման հետ կապված հարցերով։