Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը:
Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի քննարկմանը։
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ողջույնի խոսքում կարևորել է հասարակական կազմակերպությունների մասնակցությունը պետական անտառային քաղաքականության մշակմանը և հատկապես՝ գիտական ու կրթական հաստատությունների ներգրավվածությունն այդ գործընթացում։
Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը նշել է, որ անտառային ոլորտը էկոլոգիական, սոցիալական և տնտեսական անվտանգության ազգային համակարգի կարևոր բաղադրիչ է, որի հիմնախնդիրները պետք է դիտարկվեն որպես համազգային ռազմավարական գերակայություններ և ներկայացրել է անտառային ոլորտում ազգային ծրագիր ունենալու անհրաժեշտությունը, իրավական նախադրյալները, ոլորտի ընթացիկ իրավիճակը։
Հանդիպման ընթացքում Ա. Պետրոսյանն անդրադարձել է գիտական, կրթական, բնապահպանական կազմակերպությունների՝ հանդիպմանը մասնակցող ներկայացուցիչների կարծիք-առաջարկներին՝ ազգային ծրագրի նախագծի վերաբերյալ։ Վարչության պետի առաջարկով ներկայացված առաջարկները սեղմ ժամկետում նաև գրավոր կներկայացվեն նախարարություն՝ դիտարկման և ըստ անհրաժեշտի ծրագրում արտացոլելու համար։ Խմբագրված նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը։
Հանդիպումը կազմակերպվել էր «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀԱԱՀ-ի նախաձեռնությամբ։
«Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հաստատել անտառների կայուն կառավարման նպատակով քաղաքականության և ռազմավարության հիմնական ուղղությունները, իրականացվող գործողությունները, ժամկետները, ինչպես նաև ակնկալվող արդյունքներն ու իրականացման ցուցանիշները։