«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարությաn «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը խոսել են մարտ ամսին հանրապետությունում գրանցված տեղումներից և ապրիլին սպասվող կլիմայական բնութագրից։
Բանախոսների կողմից նշվել է, որ հունվար, մարտ ամիսներին նորմայից շատ տեղումներ են գրանցվել։ Մարտ ամսին նույնիսկ առանձին հատվածներում 200-250 տոկոս նորմայից ավելի տեղումներ են եղել։
«Մարտի 25-ի դրությամբ հանրապետությունում ձնածածկ առկա է 1600 մ և ավելի բարձրություններում։ Ձյան շերտի բարձրությունը 2200 մ-ից բարձր հատվածներում 70-90 սմ-ով ավելին է, քան նախորդ տարի։ Ապրիլ, հունիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 33-38 սմ-ով, ինչը վերջին 3 տարիների ամենաբարձր ցուցանիշը կլինի»,-ասել է Լևոն Ազիզյանը։
Նա ընդգծել է, որ այս տարի նաև ջրամբարներում մոտ 2 անգամ ավելի ջրալցվածություն կունենանք։ Հանրապետության 5 խոշոր ջրամբարներում 240-260 մլն խմ ավելի ջուր կկուտակվի։
Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության համար նպաստավոր տարի կլինի։ Ավելին, վերջին տվյալները ցույց են տալիս, որ բոլոր նպաստավոր պայմանները կան, որ Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտություն չլինի՝ բացառությամբ ֆորսմաժորային իրավիճակների։
Ապրիլին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը նորմայի մոտ։ Մայիսին նորմայից տաք եղանակ է սպասվում և օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ և հորդառատ անձրևներով պայմանավորված գետերի մերձափնյա հատվածներում հնարավոր են հեղեղումներ։
Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=vPFTXVzvrOg