ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.09.2025
Իրականացրել են աշխատանքներ հեղեղների ռիսկերի կառավարման, կանխման, անհետաձգելի փրկարար եւ վերականգնողական գործողությունների ընթացքում առկա խնդիրները վեր հանելու եւ դրանց համապատասխան լուծումներ գտնելու ուղղությամբ

Շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության գործընկերների հետ համատեղ մի շարք աշխատանքներ է իրականացրել հեղեղների ռիսկերի կառավարման, կանխման, անհետաձգելի փրկարար եւ վերականգնողական գործողությունների ընթացքում առկա խնդիրները վեր հանելու եւ դրանց համապատասխան լուծումներ գտնելու ուղղությամբ: 
Արձանագրվել է, որ նման աղետների ընթացքում հրատապ փրկարարական եւ վերականգնողական միջոցառումներ անցկացնելուն խոչընդոտում է որոշ աշխատանքների իրականացման համար ջրօգտագործման թույլտվության պահանջը: Այս խնդիրն ակնհայտ է դարձել 2024 թ. Աղստեւ եւ Դեբեդ գետերի հեղեղումների ժամանակ: Խնդրի վերացման նպատակով նախատեսվել է, որ հակահեղեղային միջոցառումների իրականացումը եւս համարվի ազատ ջրօգտագործում, ինչի համար չի պահանջվի առանձին ջրօգտագործման թույլտվություն:
«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները քննարկման է ներկայացրել եւ վերոնշյալ նոր կարգավորումների մասին հայտնել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում:
Հաջորդ կարգավորումն ուղղված է ՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետի երկարաձգմանը: Գործող կարգավորմամբ ՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործողը ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման դիմում չի ներկայացնում լիազոր մարմին, այլ մեխանիկորեն ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված՝ լիցենզիայի ժամկետին համարժեք: Արդյունքում՝ լիազոր մարմինը զրկվում է տրված ջրօգտագործման թույլտվության պայմաններին, պահանջներին եւ ոլորտային գործող իրավական ակտերին համապատասխանության գնահատման հնարավորությունից: Նախագծով ամրագրվել է, որ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործման թույլտվությունը չի համարվում երկարաձգված. այն երկարաձգվում է օրենքով սահմանված կարգով:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է կարմիրգրքային եւ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր հանդիսացող գետերից ջրօգտագործման թույլտվության հայտերի քննարկմանը: Սահմանվել է, որ հայտերը մերժվում են, եթե առկա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձքաննական դրական եզրակացություն: Նաեւ իրավական հիմք է նախատեսվել ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանության մշակման համար: