ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.12.2022
Հետևեք Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցների իրադարձային լրահոսին շաբաթական պարբերականությամբ

Անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ 
-«Սևան» ազգային պարկում
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ իրականացվել են համատեղ միջոցառումներ. բնակչության շրջանում տարվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են հանդիպումներ ձկնորսների հետ, կատարվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:
Միջոցառումները շարունակական բնույթ ունեն:
-Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ում 
«Հայաստանում հողերի դեգրադացման  կանխման  հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակից կողմերի ներկայացուցիչների այցն է կազմակերպվել Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնք՝ ծրագրային աշխատանքներին ծանոթանալու և աշխատանքային հանդիպումներ անցկացնելու նպատակով։
-«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Էկոկրթությունն է շեշտադրվել։ Արգելոց էին այցելել սահմանապահ Երասխ գյուղի, Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցների աշակերտները, ծանոթացել արգելոցի պատմությանը, բուսական և կենդանական աշխարհին, հուշարձաններին։
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բոլոր աշխատակիցներն արդեն ունեն և կրում են նոր, միանման լրակազմ համազգեստներ: 
-Հայաստանի բնության պետական թանգարանում
«Ոգեշնչում» խորագրով ցուցահանդեսն է բացվել, որտեղ ներկայացվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց տան սաների աշխատանքները: Ցուցադրված նմուշներն արտահայտում են ոչ միայն հեղինակների նկարչական հմտությունները ,այլ նաև՝ նրանց սերն ու հետաքրքրությունն առ բնություն:
Հայաստանի բնության պետական թանգարանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց տանը շնորհակալագրի է արժանացրել: