Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի իրականացման աջակցության և մոնիտորինգի հարցերով առաջին առաքելության ներկայացուցիչներին։
Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Արմեն Եսոյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը։
Նախքան հանդիպման օրակարգային հարցերի քննարկումը կողմերն անդրադարձել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովին (COP17), որն հյուրընկալելու է Հայաստանի Հանրապետությունը։
Ընդունելով Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեի շնորհավորանքները, նախարարի տեղակալը տեղեկացրել է, Հայաստանի Հանրապետությունը ամենայն պատասխանատվությամբ է մոտենում միջոցառման հյուրընկալությանը և որ վարչապետի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային գրասենյակի և ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը։
Ծրագրի իրականացման համար դրամաշնորհը տրամադրել է Կանաչ կլիմայի հիմնադրամը։ Ութնամյա ծրագիրը մեկնարկել է 2021թվականին։ Ծրագրի նպատակներից է նպաստել Հայաստանում անտառային ծածկույթի 2,5 տոկոսով ավելացմանը։
Ծրագրի շնորհիվ նախատեսվում է հետագայում անտառմշակույթների հիմնումը կազմակերպել բացառապես փակ արմատային համակարգի տնկանյութով։ Ծրագրի շրջանակներում
Կլիմայական փոփոխություններին հարևմարեցված 1-ամյա տնկիներ աճեցնելու նպատակով արդեն իսկ հիմնադրվել են 6 ջերմատներ։
Տնկարանային տնտեսություններում Կլիմայական փոփոխություններին հարմարեցված 1-ամյա տնկիների միջոցով պետական անտառային հողերում իրականացվել են անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ՝ վերականգնելով շուրջ 103.6 հա անտառ։
Ծրագրի շրջանակներում նաև համաֆինանսավորող կողմ է հանդիսանում նաև ՀՀ Կառավարությունը՝ ստանձնելով անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքների աջակցման և անտառային մոնիթորինգի աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել Ծրագրի առաջընթացը՝ պայմանավորվելով 2025 թվականին առավել ակտիվ լինել գործողություններում։