Նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Քննարկումների կենտրոնում եղել են գլոբալ բնապահպանական գործընթացները և երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները, մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերին Բրազիլիայում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովի (COP 30) և 2026 թվականի հոկկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) նախապատրաստական աշխատանքները և օրակարգային ուղղությունները։
Դեսպան Պիտալուգան ընդգծել է Բրազիլիայի հանձնառությունը՝ ապահովել համաժողովի բարձր արդյունավետություն և ներառականություն՝ ներկայացնելով դրանց համատեքստում Բրազիլիայի տեսլականը, առաջնահերթությունները և հիմնական թեմատիկ ուղղությունները։Նա հետաքրքրություն է հայտնել Հայաստանի մասնակցության, պատվիրակության կազմի և նախատեսվող առաջարկների նկատմամբ։
Հատուկ ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ Հայաստանը նախապատրաստվում է հյուրընկալել COP 17-ը՝ 2026 թվականի աշնանը․ նախարար Մաթևոսյանը ներկայացրել է կազմակերպչական գործընթացների ընթացքը, բովանդակային օրակարգի ձևավորման փուլը և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման ուղղությունները։ Նա շեշտել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այս կարևոր համաշխարհային իրադարձության անցկացմանը և նպատակ ունի բարձրացնելու երկրի դերը միջազգային բնապահպանական քաղաքականության ձևավորման մեջ։
Կողմերը անդրադարձել են նաև.
- Փարիզյան համաձայնագրով նախատեսված Ազգային մակարդակով սահմանված ներդրումներին (NDC), դրանց թարմացման և իրագործման մեխանիզմներին,
- ՄԱԿ կոնվենցիաների սիներգիայի ապահովման նախադրյալներին,
- Էկոհամակարգերի կայուն կառավարման, արտանետումների կրճատման, ադապտացիայի ռազմավարությունների և կանաչ փոխակերպման խթանման խնդիրներին,
- COP հարթակում երկկողմ և բազմակողմ համագործակցության խորացման հեռանկարներին։
Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու կանոնավոր երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը, հատկապես՝ մոտալուտ համաշխարհային համաժողովների նախաշեմին։




