ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.09.2022
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է․

ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը.
Սեպտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում հանրապետության եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա դեռևս շարունակում են ազդել արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, իսկ երրորդ տասնօրյակից սկսած դրանց ներթափանցման դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է։
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15°C ցածր:
Հանրապետությունում այդ անցումը սեպտեմբերին սկսվում է լեռնային շրջաններից, ամսվա երրորդ տասնօրյակում տարածվում նախալեռնային գոտիների վրա, իսկ հովտային գոտիներում այս ամսին դա տեղի չի ունենում։ Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:
Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիներին, այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:
Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:
Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22...+23°C,
Արարատի և Արմավիրի մարզերում՝ +21...+22°C,
Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +21...+22°C, լեռնային շրջաններում՝ +12...+15°C,
Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ +12...+15°C,
Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +12...+15°C, նախալեռնային՝ +20...+21°C,
Լոռու մարզում՝ +15...+17°C, Տավուշի մարզում՝ +16...+20°C,
Վայոց ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22...+23°C, լեռնային շրջաններում` +14...+15°C,
Սյունիքի հովտային շրջաններում՝ +21...+23°C, նախալեռնային շրջաններում` +15...+17°C,
Արցախում կանխատեսվում է +20...+23°C։
Առավել մանրամասն  http://meteomonitoring.am/page/908