ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.09.2024
Կայացավ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն EU4SEVAN ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը

Սեպտեմբերի 18-ին կայացավ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի 7-րդ նիստը, որին քննարկվեց ծրագրի իրականացման առաջընթացն ու ռազմավարական խնդիրները:
Համակարգող խորհրդի նիստին ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ-ում ԵՄ Միջազգային համագործակցության պատասխանատու Զուզանա Սորոցինովան,  Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանն (GIZ) ու EU4Sevan ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը: 
Նիստին համակարգող խորհրդի կողմից ներկայացվեցին առաջարկներ իրականացվելիք հետագա աշխատանքների ուղղությամբ, ինչպես նաև քննարկվեցին նախորդ երեք տարիներին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: 
Նիստը մեկնարկեց նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի` որպես ծրագրի համակարգող խորհրդի համանախագահի ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց գործընկերներին և անդրադարձավ ծրագրի ընթացքին և առկա մարտահրավերներին։
Նախարարի տեղակալն իր խոսքում ներկայացրեց Սևանա լճի հիդրոլոգիական տվյալներ և նշեց, որ Սևանա լճի մակարդակը սույն թվականի օգոստոսի 14-ին կազմել է է 1900․66մ, ինչը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․45մ-ից և որ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակի իջեցման վերջին 15 տարիների ամենափոքր արժեքը դիտվել է 2024 թվականին։
Նախարարի տեղակալն այս արդյունքները բացի «բնության պարգև» լինելուց նաև լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված աշխատանքների արդյունք է որակել։
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը՝ ընդգծելով ծրագրի ուշագրավ հաջողությունները և համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Սևանի խնդիրը չի սահմանափակվում ջրի պահպանությամբ, այլ տարածվում է նաև կենսաբազմազանության, հողօգտագործման և մի շարք այլ ոլորտների վրա։ Վերջում նա հույս հայտնեց, որ ծրագիրը հաջողությամբ կհաղթահարի բոլոր մարտահրավերները և կհասնի էլ ավելի մեծ հաջողությունների մոտենալով իր ավարտին:
GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը նշեց. «Հաշվի առնելով որ նախագիծը թևակոխում է իր վերջնական փուլը, ավելի քան երբևէ կարևոր է վեր հանել և լուծել ծրագրի ռազմավարական մարտահրավերները, ներառյալ այն, որոնք վերաբերվում են ծրագրի ձեռքբերումների կայունության ապահովմանը: Կարծում եմ՝ բոլորս պատրաստ ենք, և մեր համատեղ ջանքերով հաջողությամբ կհաղթահարենք այդ մարտահրավերները»:
«Մոտենալով EU4Sevan ծրագրի ավարտական փուլին, ես հպարտ եմ անդրադառնալու այն զգալի առաջընթացին, որը մենք ձեռք ենք բերել միասին: Այս հաջողությունը վկայում է մեր գործընկերների հետ ամուր համագործակցության և  բոլոր ներգրավվածների նվիրվածության և ջանքերի մասին», - հավելեց ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին: 
EU4Sevan ծրագրի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանն ու ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը հանդիպմանը ներկայացրեցին ծրագրի ձեռքբերումներն ու առկա խոչընդոտները, որին հաջորդեց քննարկումը: 
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի համակարգող խորհրդի նիստին ընդգծվեց նաև ծրագրի հետագա աշխատանքի կառավարման և կազմակերպման հայեցակարգը, իրականացվող գործողությունների իրականացման ապահովության մեխանիզմներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: