«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Էրեբունի» պետական արգելոցը համարվում է բացառիկ նշանակության տարածք, որտեղ պահպանվում են վայրի ցորենների և հարակից մշակաբույսերի հարուստ գենոֆոնդը։
Արգելոցում բնականորեն աճում են գիտությանը հայտնի վայրի ցորենի չորս տեսակներից երեքը՝
- ցորեն ուրարտու (Triticum urartu)
- ցորեն բեոտական (Triticum boeoticum)
- ցորեն արարատյան (Triticum araraticum)
Տվյալ տեսակները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կենսաբազմազանության պահպանման, այլև սելեկցիոն, գիտահետազոտական և սննդային անվտանգության ապահովման առումով։
Աշխարհահռչակ բուսաբան, ակադեմիկոս Նիկոլայ Վավիլովը փափուկ ցորենի ծագման կենտրոն է համարել հենց Հայաստանը՝ ընդգծելով մեր տարածաշրջանի բացառիկ դերը համաշխարհային հացահատիկային մշակաբույսերի պատմության մեջ։
Ըստ գիտական տվյալների՝ աշխարհի տարբեր վայրերում աճող փափուկ ցորենի «ծնողները»՝
- ուրարտական միահատիկ ցորենը և
- այծակնի ցեղի տեղական տեսակներից մեկը, բնական պայմաններում միասին հանդիպում են միայն Հայաստանի տարածքում։
«Էրեբունի» պետական արգելոցը ոչ միայն գիտական ու բնապահպանական նշանակության հատուկ տարածք է, այլև կարևոր կրթական ու մշակութային կենտրոն՝ նպատակ ունենալով սերնդեսերունդ փոխանցել այն կենսաբազմազան արժեքները, որոնք հիմք են մարդկության սննդային ինքնաբավության և կայուն զարգացման համար։
Տեսարժան ու գենետիկապես եզակի բուսատեսակների հարուստ բազմազանությամբ, արգելոցը շարունակում է լինել կարևորագույն կենտրոն՝ վայրի ցորենների պահպանման և ուսումնասիրման բնագավառում։