Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի նիստը:
Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը (Ծրագրի խորհրդի համանախագահ), Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին (Ծրագրի խորհրդի համանախագահ) և շահագրգիռ գերատեսչություններից խորհրդի կազմի անդամները։
Նախքան նիստի մեկնարկը հաստատվել է Ծրագրի խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։
Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Ուրախ ենք արձանագրել, որ 2021 թվականի ծրագրի խորհրդի առաջարկը՝ դիմելու Կլիմայի կանաչ հիմնադրամին ծրագրի գործողության ժամկետը 36 ամսով երկարաձգելու համար, արդեն իրականացվել է, ու ծրագիրը շարունակվելու է մինչև 2026 թվականի հունիս։
Ծրագրի ժամկետների երկարացման համար հիմք է հանդիսացել կառավարության մեր գործընկերների, այդ թվում ֆինանսների նախարարության և Տարածքյաին կառաարման և ենթակառուցվածքների նախարարության հստակ դիրքորոշումը կապիտալ վերակառուցման ծրագրերում էներգաարդյունավետության միջոցառումների լիարժեք ներառման և, բյուջետային ռեսուրսների տնտեսվար օգտագործման վերաբերյալ։
Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը այս ծրագրի շրջանակներում իրականացնում է բնապահպանական օգուտների համակարգված գնահատման համակարգի ներդնումը։Ծրագրի արդյունքներն ունեն բոլոր նախադրյալները ծառայելու որպես երաշխիք Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից նոր ռեսուրսների ներգրավման համար՝ ի բարօրություն մեր երկրի հանրությանը»,- նշել է նախարարը։
Ելույթներով հանդես են եկել Ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը և Ծրագրի առաջին բաղադրիչի պատասխանատու Արմեն Աջամօղլյանը։ Առաջիկա գործողությունների, առկա խնդիրների, մարտահրավերների ու խոչընդոտների մասին զեկույցով հանդես է եկել Ծրագրի միջազգային ղեկավար Ռուսուդան Տաշուրին։
Այս տարի ծրագիրն ապահովել է արդյունավետ համագործակցություն ՀՀ Վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ հասարակական և բազմաբնակարան շենքերի ջերմաարդիականացման մասով:
Ընդհանուր առմամբ ծրագրի օժանդակությամբ և համաֆինանսավորմամբ ջերմաարդիականացվել է շուրջ 220 շենք, որից ավելի քան 150-ը՝ բնակելի։
