Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը:
Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար, Ծրագրի խորհրդի համանախագահ Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ, Ծրագրի խորհրդի համանախագահ Նաթիա Նացվլիշվիլին և շահագրգիռ գերատեսչություններից խորհրդի կազմի անդամները։
Նախքան նիստի մեկնարկը հաստատվել է Ծրագրի խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։
Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, որի ընթացքում անդրադարձել է ծրագրի կարևորությանը և ընթացիկ արդյունքներին.
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը մեզ համար անչափ կարևոր է և դասվում է ոլորտային առաջնահերթությունների շարքին։ Այն մի քանի առանցքային ուղղություններով կարևոր աշխատանք է իրականացնում. առաջինն իհարկե ծրագրի բնապահպանական նշանակությունն է՝ ծրագիրը նպաստում է ջերմոցային գազերի արտանետման նվազմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, որպես պետություն, ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Ծրագիրը նպաստում է մեր երկրի էներգետիկ անկախությանը և շենքային ֆոնդի պահպանությանը։
Ծրագիրը գտնվում է իմ և նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում»,-նշել է նախարարը և հույս հայտնել, որ խորհրդի նիստը կօգնի վերհանել ընթացիկ խնդիրները, հասցեագրել դրանք և բարձրացնել իրականացվող ախատանքների արդյունավետությունը։
Ելույթով հանդես է եկել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ, Ծրագրի խորհրդի համանախագահ Նաթիա Նացվլիշվիլին, ով բարձր է գնահատել միջոլորտային համագործակցությունը.
«Շնորհիվ մեր համատեղ ջանքերի՝ ծրագիրը շարունակում է զգալի առաջընթաց գրանցել Հայաստանի կանաչ կլիմայի օրակարգի ուղղությամբ։ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ մենք տարեկան մոտ 21,000 տոննայով կրճատել ենք CO2 արտանետումները և հաջողությամբ ջերմաարդիականացրել ենք 157 բազմաբնակարան շենք և 59 հանրային շենք՝ նպաստելով ավելի քան 50,000 մարդու բարեկեցությանը։ Մենք խորապես գնահատում ենք մեր ազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը և ակնկալում ենք շարունակել այս ամուր գործընկերությունը՝ հասնելու մեր ընդհանուր նպատակներին»։
Նիստի ընթացքում Ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը, առաջին բաղադրիչի պատասխանատու Արմեն Աջամօղլյանը և միջազգային ղեկավար Ռուսուդան Տաշուրին ներկայացրել են Ծրագրի առաջընթացն ու մարտահրավերները, որին հաջորդել է հարցուպատասխանի ձևաչափով քննարկումը։
Նախարարը գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներին խնդրել է առավել ակտիվ լինել և միավորել ջանքերը Ծրագրով սահմանված թիրախներին հասնելու համար։
Հանդիպումն ավարտվել է Ծրագրի միջազգային փորձագետ Էլվիս Հաձիկադիչի կողմից «Ծրագրի ելքի ռազմավարության» ներկայացմամբ։