ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.04.2025
Կայացավ էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը

2025թ. ապրիլի 18-19-ին, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ, Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, մասնակցել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովին, որը տեղի է ունեցել «Մերիդիան» էքսպո կենտրոնում։
Համաժողովի հիմնական նպատակն էր ստեղծել համագործակցության արդյունավետ հարթակ՝

  • աջակցելու էլեկտրական շարժունակության ոլորտի զարգացմանը Հայաստանում,
  • բարձրացնելու երկրի միջազգային ճանաչելիությունը,
  • նպաստելու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը,
  • խթանելու երկկողմ և բազմակողմ համագործակցությունների ձևավորումը։

Միջոցառմանը մասնակցել են միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ավտոարդյունաբերության, վերալիցքավորման կայանների, էներգետիկայի, ավտոտեխսպասարկման, ապահովագրության, ֆինանսական, պետական և կրթական ոլորտներից։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն իր ելույթում ընդգծեց.
«Այս համաժողովը բացառիկ հարթակ է՝ ոլորտի տեղական և միջազգային առաջատարներին համախմբելու և Հայաստանի ճանապարհային քարտեզը համատեղ մշակելու համար՝ ուղղված սահուն անցմանը դեպի էլեկտրական շարժունակություն։
Էլեկտրական շարժունակությունն այսօր պետք է դիտարկել ոչ միայն որպես տեխնոլոգիական ընտրություն, այլև՝ որպես քաղաքական, տնտեսական և բնապահպանական ելակետ։ Սա հնարավորություն է խթանելու տեղական արտադրություն, ներդրումային նոր միջավայր ձևավորելու, աշխատատեղեր ստեղծելու և ածխածնային արտանետումները կրճատելու համար»։
Նա նաև առանձնացրեց թափոնների կառավարման համակարգերի զարգացման անհրաժեշտությունը՝ հատկապես մարտկոցների վերամշակման տեսանկյունից՝ ընդգծելով կայուն և եվրոպական ստանդարտներին համապատասխան լուծումների ներդրման կարևորությունը։
Համաժողովը կազմակերպվել էր պանելային քննարկումների ձևաչափով, որի ընթացքում ներկայացվել են ազգային մակարդակում էլեկտրական շարժունակության զարգացման ռազմավարական ուղղություններն ու քաղաքականության գործիքակազմը։
Միջոցառման շրջանակում ստորագրվել են համագործակցության հուշագրեր՝
Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի տնտեսագիտական համալսարանի միջև,
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի միջև։