Հոկտեմբերի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես կենդանիների պաշտպանության համաշխարհային օր: Օրը նշելու որոշումն ընդունվել է դեռևս 1931 թվականին Ֆլորենցիայում՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել կենդանիների հանդեպ պատասխանատվություն ձևավորելուն։
Օրվա խորհրդի համատեքստում Հայաստանի բնության պետական թանգարանում կենդանասեր դպրոցականների համար թեմատիկ միջոցառում էր կազմակերպել։
Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը կենդանական աշխարհի մասին գիտելիքներով հարստանալու եկած դպրոցականներին ներկայացրել է Հայաստանի կենդանական աշխարհը՝ թվերով, պատմել կենդանական աշխարհի պահպանության ու պաշտպանության խնդիրներից, հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանությունից, կենդանիների ներմուծումից և արտահանումից, որսի կազմակերպումից, որոշ կենդանատեսակների առանձնահատկություններից։
Սևակ Բալոյանին ուղղված, պատանի կենդանասերներին հետաքրքրող հարցերը բազմաթիվ էին՝ որդան կարմիրի առանձնահատկություններից, Կարմիր գրքի գույնից ու բովանդակությունից մինչև մինչև Սևանի սիգ ու իշխանի պահպանություն։
Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը պատանի բնասերների ուշադրությունը հրավիրել է կենդանական աշխարհի պաշտպանությանն ուղղված այն պատասխանատու վարքագծին, որը պետք է կրի յուրաքանչյուր մարդ։ Չէ՞ որ ամեն մի կենդանի՝ խոշոր գիշատիչ կաթնասունից մինչև միկրոօրգանիզմ, ուրույն ազդեցություն ունի էկոհամակարգի վրա։
Միջոցառումն ամփոփվել է թանգարանի տնօրենի խրախուսանքներով՝ միջոցառմանը Հայաստանի կենդանական աշխարհով առավել հետաքրքրվածության համար։ Դպրոցականների խոստմամբ՝ օրվա ստացած գիտելիքները է՛լ ավելի են ծառայեցնելու բնության պաշտպանությանը։