ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.11.2024
Ամփոփվեց Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրը

Ամփոփվեց Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրը:
Միջոցառումն իրականացվել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը բարելավել արոտավայրերի և խոտհարքների կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման պայմանները՝ հաշվի առնելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգությունը: Միջոցառմանը ներկայացվելու է ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված գործողությունների արդյունքներն ու ձեռքբերումները:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը,  Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը: 
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել  Գերմանիայի կառավարությանը, և մասնավորապես, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի ոլորտի բարելավմանն ուղղված շարունակական աջակցության համար և անդրադարձել   այն կարևոր ձեռքբերումներին, որոնք գրանցվել են ծրագրի իրականացման ընթացքում։
Նախարարի տեղակալը մասնավորապես անդրադարձել է ծրագրի բաղադրիչների նշանակությանը համայնքների համար և բնապահպանական ծրագրերի իրականացմանը կայուն զարգացման տեսանկյունից։
«Այսօր բավական չէ, որպեսզի մենք միայն պահպանենք կամ այնպիսի գործողություններ ծավալենք, որոնք կլինեն ոչ վնասակար բնությանը, այլ  պետք է մտածենք բնության հավելյալ արժեք ավելացնելու մասին, որովհետև բնական ռեսուրսներին հավելյալ արժեք ավելացնելն ու պահպանելը այն հիմնական գրավականն է, որով կկարողանանք կայուն զարգացում ապահովել: Ինչպես նաև, որակյալ արտադրանք տալու համար է շատ կարևոր կայուն գործելակերպն ու բնական ռեսուրսների պաշտպանությունը»,-նշել է Արամ Մեյմարյանը։ 
Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել ծրագրին, ամբողջ թիմին՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրները և շրջակա միջավայրին հավելյալ արժեք ներկայացնելու օրակարգը առաջ մղելու և Հայաստանն ավելի ուժեղ և դիմակայուն դարձնելու համար։
«Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ Հայաստան) ծրագիրը պատվիրակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ): Այն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:  
Որպես տարածաշրջանային ծրագիր` «ԷԿՈսերվ»-ը 2018-2023 թթ. իրականացվել է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներում։ 2023 թվականի մարտից ծրագրի գործողությունները շարունակվել են միայն Հայաստանում։ BMZ-ի կողմից պատվիրակված «ԷԿՈսերվ»-ի մաս կազմող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) և «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» (EU4EE) ծրագրերը համաֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից և կշարունակվեն մինչև 2025 թվականին: