Որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից առաջարկվում է կիրառել դրամական օգնության ինստիտուտը՝ պահպանելով նաև համաչափությունը, քանի որ այլ ծառայությունների դեպքում ևս այս եղանակն է կիրառվում:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Նախարարի տեղակալի խոսքով փոփոխությունն առաջարկվում է՝ հաշվի առնելով էկոպարեկային ծառայողների կողմից բնապահպանական իրավախախտումներ (ապօրինի ծառահատում, որսագողություն, ձկնագողություն, պետական անտառային հողերի ապօրինի օգտագործում, աղբոտում, աղտոտում եւ այլն) հայտնաբերելու, կանխելու և կանխարգելելու գործառույթներից բխող նրանց կյանքին և առողջությանը սպառնացող ամենօրյա վտանգը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրույթները (պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում ծառայողին, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը):
Օրենսդրական փոփոխությամբ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում ծառայողին կտրվի միանվագ դրամական օգնություն: Դրամական օգնության չափն ու վճարման կարգը կսահմանի Կառավարությունը:
Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Դավիթ Դանիելյանը:
