Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում վերանայել էկոպարեկային ծառայության ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրամադրվող դրամական օգնության հետ կապված կարգավորումները:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Նախարարի տեղակալի խոսքով փոփոխությամբ առաջարկվում է օրենքով ամրագրել էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիքները: Կառավարությունն առաջարկում է սոցիալական ապահովագրությունը փոխարինել դրամական փոխհատուցմամբ և սահմանել, որ էկոպարեկային ծառայողի՝ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ծանր մարմնական վնասվածք ստանալու կամ մահվան դեպքերում տրվի դրամական փոխհատուցում: Առաջարկվում է նաև Կառավարությանը տալ փոխհատուցման վճարման կարգը սահմանելու լիազորություն:
Հաջորդ փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորություններն իրականացնեն սույն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը:
Պատգամավորների հարցերին պատասխանել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Նա ներկայացրել է ծառայության համալրման ընթացքը, խոսել Սյունիքի մարզային վարչության գործարկումից։ Ի պատասխան հարցերի՝ նախարարը տեղեկացրել, որ իգական սեռի ներկայացուցիչների համար քվոտաներ սահմանված չեն. ծառայությունը նոր ձևավորվող է, և կանանց ներգրավումը դրանում չի բացառվում:
Նախարարությունն ականջալուր է բոլոր արձագանքներին։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն էլ տեղեկացրել է, որ Էկոպարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու կարգը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում:
Հարցը ստացել դրական եզրակացություն:
