Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի մամուլի ասուլիսը:
Հրավիրված ասուլիսի ընթացքում ծառայության պետն առաջին անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչներին է ներկայացրել էկոպարեկային ծառայության կառուցվածքը, գործառույթները, համալրման ընթացակարգը և ծառայության վերաբերյալ այլ մանրամասներ։
Ողջունելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, Վլադիմիր Կիրակոսյանը ընդգծել է, որ սա լավ հնարավորություն է հանրության լայն շրջանակի ներկայացնելու Շրջակա միջավայրի նախարարության կազմում ստեղծված էկոպարեկային ծառայության գործունեությունը և համալրման ընթացակարգի մանրամասներ։
«էկոպարեկային ծառայության հիմնումը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում անցնող տարվա ամենամեծ բարեփոխումն է։ Մեր պետության և ոլորտի դինամիկ զարգացման համար չափազանց կարևոր է ունենալ կառույց, որն արդյունավետ կիրականացնի բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառաների, կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանությունը»,-նշել է ծառայության պետը։
Վլադիմիր Կիրակոսյանը նշել է, որ Ծառայության գործարկմամբ պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը պետք է իրականացվի 24/7 ռեժիմով, ինչպես նաև ծառայողին իրավունք վերապահվի արձանագրված օրենսդրության խախտումների դեպքերով կազմելու վարչական իրավախախտման արձանագրություններ և հարուցելու վարչական վարույթ, իսկ հանցակազմ պարունակող իրավախախտման դեպքերով էկոպարեկային ծառայության օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդություն ներկայացնել՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Ծառայության պետն հատկապես կարևորել է պահպանության շուրջօրյա ռեժիմը, նշելով, որ այն թույլ կտա նվազագույնի հասցնել ապօրինությունները։
Պատասխանելով լրագրողների հարցերին' Վլադիմիր Կիրակոսյանը նշել է այն գործառույթները, ծրագրերը և գործիքակազմը, որոնց միջոցով պահպանության գործընթացի արդյունավետությունը հասնելու է առավելագույնի, ապա անդրադարձել է էկոպարեկային ծառայության կառուցվածքին, ծառայության համալրման գործընթացին, ներկայացրել ծառայության ստեղծումից ի վեր կատարված աշխատանքը:
Ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը ներկայացրել է էկոպարեկների համար նախատեսված համազգեստի և տեխնիկական վերազինման հատուկ միջոցների վերաբերյալ մանրամասներ և խոսել ծառայության կողմից հայտարարված գնումների մրցութային գործընթացներից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ից մեկնարկել է Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության համալրման գործընթացը։