ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.10.2025
Աշխատանքային այց նախարարության Էկոպարեկային ծառայություն

Նախարար Համբարձում Մաթևոսյանն աշխատանքային այցով եղել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունում։ Այցի ընթացքում նախարարը հանդիպել է կառույցի ղեկավար անձնակազմի հետ, քննարկել ծառայության ընթացիկ գործունեությունը, գույքագրված խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Էկոպարեկային ծառայության պատասխանատուները նախարարին ներկայացրել են վերջին ամիսներին արձանագրված իրավախախտումների վիճակագրությունը, վերահսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև ծառայության տեխնիկական հագեցվածության հետ կապված կարիքները։
Նախարար Մաթևոսյանը շեշտել է ծառայության լիարժեք գործարկման կարևորությունը՝ ընդգծելով, որ բնապահպանական վերահսկողության որակը պետք է լինի ժամանակակից ստանդարտներին համահունչ։
Տրվել են մի շարք հանձնարարականներ՝ ուղղված ոլորտի՝ կառավարության կողմից սահմանված ծրագրերի արդյունավետ իրականացմանը, աշխատակիցների մասնագիտական կարողությունների ամրապնդմանը և գործունեության թափանցիկության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնմանը՝ հատկապես իրավապահ մարմինների ու այլ գերատեսչությունների հետ, ինչը կնպաստի էկոհամակարգերի պահպանության, անօրինական գործունեության կանխարգելման և բնապահպանական խախտումների արագ արձագանքման գործընթացների կատարելագործմանը։
Էկոպարեկային ծառայությունը բնապահպանական անվտանգության ապահովման առանցքային օղակներից է, և նախարարությունը շարունակելու է աջակցել ծառայության զարգացումն ու ենթակառուցվածքների կատարելագործումը։