ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.07.2024
Սահմանվել են Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը

Գործադիրն այսօրվա նիստին հավանության է արժանացրել էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը:
Նախագծի ընդունման արդյունքում սահմանվում են էկոպարեկային ծառայությունում կրտսեր պաշտոնի նշանակման համար էկոպարեկային ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթը հաղթահարած, սակայն աշխատանքային ստաժ և բարձրագույն կրթություն չունեցող քաղաքացիներին ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը, ինչը հնարավորություն կտա նրանց մասնագիտական գիտելիքների և հմտությունների ձեռքբերման շնորհիվ պատշաճ իրականացնել իրենց ամենօրյա մասնագիտական խնդիրները: 
Հատուկ ուսուցումը ներառում է տեսական և գործնական մաս, որի ժամկետը 5 աշխատանքային օր է։
Հատուկ ուսուցումն իրականացվում է ուսումնական հաստատությունում՝ ծառայողի՝ իր վերջին անցած հատուկ ուսուցումից հետո յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստականությանը վերաբերող հմտությունների շարունակական զարգացման և կատարելագործման նպատակով:
Ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող ծառայողները հատուկ ուսուցումն անցնում են պաշտոնի նշանակվելուց անմիջապես հետո։
Հատուկ ուսուցման ստուգարքի գնահատականը ձևավորվում է թեստավորման, ֆիզիկական և կրակային պատրաստվածության առաջադրանքների արդյունքներով: 
Գնահատականը համարվում է դրական, եթե ծառայողը թեստային առաջադրանքների 15 հնարավորից 10 և ավելի միավոր է հավաքել, ինչպես նաև հանձնել է Շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատված նորմատիվներին համապատասխան ֆիզիկական վարժությունները և կրակային վարժաձևերը: