ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.02.2025
Ծառայության անցնելուց առաջ ՇՄՆ Էկոպարեկներն անցնում են հատուկ ուսուցում

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանն Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանի ուղեկցությամբ հետևել են կազմակերպության՝ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող հատուկ ուսուցման բաժնում անցկացվող դասընթացին։ 
5-օրյա դասընթացն անցկացվում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Սյունիքի մարզային վարչության համալրման նպատակով անցկացված մրցույթի փուլը հաղթահարած և պաշտոնի նշանակված էկոպարեկային ծառայողների համար՝ նրանց՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող  իրադրություններում գործելու կարողությունների զարգացման նպատակով։
Նշենք, որ յուրաքանչյուր շաբաթ մրցույթի փուլը հաղթահարած և էկոպարեկային ծառայության պաշտոնի նշանակված բոլոր ծառայողները ներգրավվելու են հատուկ ուսուցման ինչպես տեսական, այնպես էլ՝ գործնական դասընթացներում (յուրաքանչյուր խմբում՝ 20-25 հոգի)։
Հատուկ ուսուցման դրական արդյունքներով միայն էկոպարեկային ծառայողը ստանձնում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով իրեն վերապահված լիազորությունների և պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների իրականացումը։