ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.04.2025
Շրջակա միջավայրի նախարարությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանում կազմակերպված Էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակը բնապահպանական կրթության, վերապատրաստման և գիտահետազոտական գործունեության խթանումն է։
Հուշագիրը ստորագրել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը։
Համաձայն հուշագրի՝ կողմերը կհամագործակցեն՝

  • ուսումնակրթական բնույթի ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ,
  • կանցկացնեն փորձուսուցումներ և վերապատրաստումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել բնապահպանական և էլեկտրական տրանսպորտի ոլորտների մասնագիտական կարողությունները,
  • կհիմնադրեն և կիրականացնեն գիտական և կիրառական հետազոտություններ,
  • ինչպես նաև կիրագործեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի պահպանության ոլորտի զարգացմանը։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը համագործակցությունը կարևորել է որպես կայուն կրթական և գիտական հիմք ստեղծելու հնարավորություն, որը խթանում է նորարար լուծումների ներդրմանը բնապահպանական քաղաքականության իրականացման գործընթացում.
«Այս հուշագիրը ոչ միայն ամրապնդում է միջհամալսարանական ու միջկառավարական կապերը, այլև ստեղծում է գործնական հիմք՝ պատրաստելու այն մասնագետներին, ովքեր կկառավարեն Հայաստանի անցումը դեպի կայուն, էլեկտրական շարժունակության վրա հիմնված տրանսպորտային համակարգ»,-նշել է նախարարի տեղակալը։