ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.09.2024
Էկոկրթական հերթական հանդիպումը Շրջակա միջավայրի նախարարությունում

Էկոլոգիական կրթության որակի բարելավման, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման, հասարակության էկոլոգիական գիտակցության ձևավորման ռազմավարական ծրագրերի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակական բնույթ են կրում էկոկրթական միջոցառումները։
Այսօր նախարարության գործընկեր ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities -«Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպութան նախաձեռնությամբ նախարարություն էին այցելել Արմավիրի մարզի Երվանդաշատ, Շենիկ և Բագարան բնակավայրերի դպրոցների աշակերտներ։ Աշակերտներին միավորում է «Կանաչ խորհուրդ» հասարակական նախաձեռնությունը։
Աշակերտներին ընդունել են Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչություն պետի տեղակալ Արամ Սայադյանը և նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը։
Հանդիպման թեման  Հայաստանում թափոնների կառավարումն էր։ Մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների կողմից աշակերտներին է ներկայացվել ոլորտում վարվող քաղաքականությունը,օրենսդրական կարգավորումները և միջազգային համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել վտանգավոր թափոնների կառավարման խնդրին, պլաստիկ արտադրանքի կիրառման ծավալների կրճատմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությանը և Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի Հայաստանում ներդրմանը։
Հարցուպատասխանի միջոցով աշակերտները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները, ցուցադրվել է վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկող հոլովակ, ինչպես նաև ներկայացվել է նախարարությունում տեղադրված մարտկոցների և կուտակիչների հավաքագրման արկղը։