ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.05.2025
«Օդ, ջուր, կյանք պահպանենք միասին»՝ էկոկրթական հանդիպում Շրջակա միջավայրի նախարարությունում

Շրջակա միջավայրի նախարարությունն այս անգամ հյուրընկալեց Հրազդան քաղաքի «Պարույր Սևակի անվան N8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներին։ Հանդիպումը կայացավ «Օդ, ջուր, կյանք պահպանենք միասին» նախաձեռնության շրջանակում՝ նպատակ ունենալով խորացնել դպրոցականների բնապահպանական գիտելիքներն ու վերաբերմունքը դեպի բնական ռեսուրսները։
Հանդիպման ընթացքում ոլորտի մասնագետները աշակերտների հետ քննարկեցին՝
- ջրի պահպանման և խնայող օգտագործման ուղիները,
- պլաստիկի, թափոնների և օդի աղտոտվածության պատճառներն ու հետևանքները,
- ջրի մաքրման մեթոդները՝ մեխանիկականից մինչև կենսաբանական,
ինչպես նաև նորարարական լուծումները՝ ջրային ռեսուրսների խնայողության համար, ինչպիսիք են սենսորային ծորակներն ու խելացի տեխնոլոգիաները։
Հատուկ շեշտադրվեց, որ չնայած ջուրը մոլորակի անբաժանելի մասն է և քանակապես չի սպառվում, այն որակապես աղտոտվում է, ուստի մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է՝ խելամիտ վերաբերմունք ունենալ ջրային պաշարների նկատմամբ։
Դպրոցականներն իրենց ակտիվ մասնակցությամբ տարբեր հարցեր ուղղեցին մասնագետներին՝ ապացուցելով, որ էկոլոգիական խնդիրները հետաքրքրում են նաև երիտասարդ սերնդին։
Քննարկվեցին նաև՝
- գլոբալ տաքացման ազդեցությունները,
- էկոպայուսակների օգտագործման կարևորությունը,
- թափոնների այրման վնասները և բնության պահպանությանն առնչվող օրենսդրական կարգավորումները։
Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է էկոկրթությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը հանրապետության դպրոցների և կրթական հաստատությունների հետ՝ ձևավորելու բնապահպանական գիտակցություն ու պատասխանատու սերունդ։