ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.04.2025
Էկոկրթական միջոցառում՝ նվիրված Երկրի և բնապահպանական գիտելիքի օրվան

Ապրիլի 17-ին Շրջակա միջավայրի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարանում» կայացավ Երկրի և բնապահպանական գիտելիքի օրվան նվիրված էկոկրթական միջոցառում, որին մասնակցում էին ավելի քան 60 աշակերտ՝ հանրապետության տարբեր դպրոցներից։
Միջոցառման առանցքում էր բնապահպանական կրթության կարևորության բարձրաձայնումը. այն, թե ինչպես կարող ենք ձևավորել բնությանը հոգատար, պատասխանատու սերունդ՝ գիտելիքի, փորձի և ներշնչման միջոցով։
Թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանն աշակերտներին ներկայացրեց բնապահպանական հիմնարար գիտելիքների դերը հասարակության էկոլոգիական մշակույթի ձևավորման գործում՝ կարևորելով դպրոցական տարիքում արված առաջին քայլերի արժեքը։
ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Սյուզաննա Եսոյանը բաց ու հետաքրքիր զրույցի միջոցով աշակերտների հետ քննարկեց մարդու գործունեության ազդեցությունը էկոհամակարգերի վրա՝ ցույց տալով, թե ինչպես են նույնիսկ ամենափոքր քայլերը կարևոր բնության պահպանության ընդհանուր գործում։
Իսկ նախարարության իրավախորհրդատու Մարի Չաքրյանը, ինտերակտիվ խաղի միջոցով, փոխանցեց կարևոր ուղերձ՝ բնության ռեսուրսները սպառելի են, և դրանց խելամիտ օգտագործումը յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունն է։
Միջոցառումն ավարտվեց կրթական ֆիլմերի դիտմամբ և խաղ-վիկտորինայով, որի ընթացքում աշակերտներն ամրապնդեցին իրենց նոր ձեռք բերած գիտելիքները։ Լավագույնները պարգևատրվեցին։ 
Այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ շրջակա միջավայրի պաշտպան, եթե իր մոտ ձևավորվեն ճիշտ գիտելիքներ ու վերաբերմունք բնության հանդեպ։ Այդ գործընթացն սկսվում է հենց դպրոցից։