Շրջակա միջավայրի նախարարությունում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի մասնակցի հետ, ով համալրելու է նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը։
«իԳործ» ծրագրի մասնակցին ողջունել և աշխատակազմին է ներկայացրել նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Ողջույնի իր խոսքում նախարարի տեղակալը «իԳործ» ծրագիրը բնորոշել է որպես Սփյուռքի մասնակցության ամենաակնառու, ամենապրակտիկ և օգտակար օրինակներից։
«Մենք ապրում ենք նույն իրականությունում և մեր հայացքները սկսում են կարծրանալ այդ իրականությանը համապատասխան, իսկ ծրագրի մասնակիցները նոր ու ավելի թարմ մտածելակերպով ու հայացքներով են մոտենում շատ հարցերի, իրենց հետ շատ լավ մշակույթ են բերում և դա տալիս է ցանկալի արդյունք։ Ամենակարևոր ներդրումը, որն իմ պատկերացմամբ Սփյուռքը կարող է ունենալ հայրենիքի համար, դա գիտելիքի ներհոսքն է։ Այդ գիտելիքը կարող է գալ Հայաստան, օգտագործվել Հայաստանում և օգուտ տալ մեր երկրին։ »,-նշել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Նախարարի տեղակալը պատմել է ծրագրի կողմից նախարարության աշխատակազմն համալրած նախորդ մասնակիցների մասին և մեծ գոհունակություն հայտնել արձանագրված արդյունքներից։
Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը ներկայացրել է վարչության աշխատակազմը գործառույթները: