ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.08.2023
Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft հարթակում շրջանառել է «2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները եվ որսի ժամկետները սահմանելու մասին» հրամանի նախագիծը

Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում, շրջանառել է «2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները եվ որսի ժամկետները սահմանելու մասին» հրամանի նախագիծը:
Հրամանի հիմքը «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն, ըստ որի սահմանվում են որսի համար նախատեսված կենդանիների տեսակները, ժամանակահատվածները, վայրերը, որսի օրերը։
Ըստ առաջարկվող նախագծի 2023-2024 թվականների որսաշրջանի ընթացքում հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս, իսկ հրամանի հավելվածի համաձայն Հայաստանում կարելի է որսալ լոր, քարակաքավ, թխակապույտ աղավնի, անտառային աղավնի, կռնչան բադ, սուլող մրտիմն, սև փարփար, եղեգնահավ, մորակտցար, նապաստակ, փորսուղ, քարակզաքիս, վայրի խոզ, աղվես. նշված քանակով, նշված ժամանակահատվածում։
Նախագծով սահմանված է, որ պետք է որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։
Վայրի խոզի որսը թույլատրվում է իրականացնել Լոռու, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։
Հրամանի նախագծի համար հանրային քննարկման ժամանակահատված է սահմանվել 2023թ. օգոստոսի 1-16-ը։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/6042