ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.03.2024
Տեղի է ունեցել քննարկում շրջակա միջավայրի աղտոտման, աղբահանության հետ կապված հարցերի շուրջ

Շրջակա միջավայրի աղտոտման, աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու, առկա խնդիրները գույքագրելու և դրանց կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում:
Զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից նախընտրելի  և առավել այցելվող բնական լանդշաֆտների տարածքներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում ներկայանալի և պատշաճ միջավայր ապահովելու, տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունը նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել գույքագրել առկա խնդիրները և ձեռնարկել քայլեր դրանց կարգավորման ուղղությամբ։
Վերոգրյալ հարցերի շուրջ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ նախարարությունում հրավիրվել է քննարկում, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, «Սևան Ազգային պարկ»-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանը, մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից։
Նախարարի տեղակալը գործընկերներին է ներկայացրել գույքագրված խնդիրները և ՏԻՄ ներկայացուցիչներին  հորդորել է առավել ակտիվ և համագործակցաբար գործել զբոսաշրջության ոլորտում ներկայանալի և պատշաճ միջավայր ապահովելու,  զբոսաշրջային այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու շուրջ։
Միայն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետ փոխգործակցության արդյունքում է հնարավոր արձանագրել ցանկալի արդյունքներ ամենակարճ ժամկետներում: