ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.06.2024
Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է «Դիլիջան» ազգային պարկում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանն աշխատանքային այցով եղել են Տավուշի մարզում, որտեղ «Դիլիջան» ազգային պարկում նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել  են ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, այնուհետև շրջայց   կատարել պարկի տարածքում։
Ազգային պարկում աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել պարկի գործունեության հիմնական ուղղություններին: 
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Ալիխանյանը ներկայացրել է ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո հատուկ պահպանվող տարածքներում մինչ օրս իրականցված, մեկնարկած և նախատեսվող աշխատանքները, ներկայիս իրավիճակը և առկա հնարավորությունները։
Առանձնահատուկ քննարկման է արժանացել ազգային պարկի տարածքում էկոզբոսաշրջության համալիր ծրագրերի իրականացումը և նոր երթուղիների մշակումը։
Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է  Հայաստանում ներքին և ներգնա զբոսաշրջային ոլորտում մասնագիտացված և գործունեություն ծավալող կազմակերպությունների, զբոսաշրջային միավորումների ու ֆեդերացիաների, ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությունը։
Արա Մկրտչյանն առաջարկել է իրականացնել բարեփոխումներ, վերանայել էկոզբոսաշրջային ծառայությունների կազմակերպման և մատուցման, դրանց ներկայացման և գրավչությանը միտված աշխատանքների ձևերը, հստակեցնել համագործակցության սահմաններն ու նախանշել փոխգործակցության նոր ուղղությունները, ինչպես նաև ներդնել նոր գործիքակազմ` առավել լավ արդյունք ստանալու նպատակով:
Նախարարի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է նաև «Դիլիջան» ազգային պարկի այցելուների կենտրոն՝ տեղում դիտարկելու շենքային պայմանները և եղել «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում»։
Նշենք , որ աշնանը նախատեսվում է եղջերուների երկրորդ խմբաքանակի բացթողումը վայրի բնություն։ Կենտրոնի աշխատակիցներին հանձնարարվել է առավել հետևողական լինել նախապատրաստական աշխատանքների կազմակերպման նկատմամբ։