Վանաձոր քաղաքում օգոստոսի 23-ին շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականցման գրասենյակ» պետական հիմնարկն իրականացրել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի ընդլայնված մոնիթորինգի և հաշվետվողականության ուղղությամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում վերապատրաստման իրազեկման դասընթաց, որին մասնակցում էին Լոռու, Տավուշի, Շիրակի մարզպետարանների և համայնքապետարանների ներկայացուցիչներ։
Դասընթացի նպատակն էր Կոնվենցիայի գործունեության մասին տեղեկացվածության ընդլայնումը, ժամանակակից տեխնոլոգիաներով մոնիթորինգային համակարգերի և մարզերում իրականացվող բնապահպանական ծրագրերի ներկայացումը, որոնք ուղղված են հողերի դեգրադացիայի կանխմանը։
«Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի համակարգող, ՇՄՆ հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը ներկայացրել է Կոնվենցիայի նպատակը, իրականացումը Հայաստանում և Կոնվենցիայի սահմանած հաշվետվողականության մեխանիզմը՝ նորարարական տեխնոլոգիաների և գլոբալ տվյալների կիրառմամբ։
ԲԾԻԳ-ի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի պետ Ռուբիկ Շահազիզյանը ներկայացրել է մարզերում իրականացվող, ընթացիկ և հեռանկարային բնապահպանական ծրագրերը։
ԲԾԻԳ-ի ներկայացուցիչ Արմեն Աջամօղլյանը խոսել է երկրատեղեկատվական համակարգերի (GIS), դրանց կիրառման հնարավորությունների, դաշտային տվյալների հետ համադրման մասին։
Դասընթացն ամփոփվել է հարց ու պատասխանով, մասնակիցների կողմից եղել է առաջարկ՝ հաճախակի կազմակերպել նմանատիպ հանդիպումներ համայնքներում` ընդլայնելով մասնակիցների շրջանակը՝ հաշվի առնելով թեմայի կարևորությունն ու հետաքրքրությունը։