Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Կիպրոսի Հանրապետությունում կայացած «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» նախարարական համաժողովի շրջանակում մասնակցել և ելույթով հանդես է եկել Տնտեսության «կանաչեցում» համաեվրոպական տարածաշրջանում․ Համագործակցություն հանուն կայուն ենթակառուցվածքի համաժողովին։
Իր ելույթում նախարարի տեղակալն անդրադարձել է Կանաչ տնտեսությանը և Կանաչ տնտեսության ռազմավարության մշակման մարտահրավերներին։
««Կանաչ տնտեսությունը» և «Կանաչ տնտեսություն» ռազմավարության մշակումը Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում սահմանվել է որպես առաջնահերթություն։
Կանաչ տնտեսության ձևավորման առաջնահերթ նպատակն է համոզվել, որ տնտեսությունը և մասնավոր հատվածը պատրաստ են նոր պլանավորվող և կայուն, ցածր ածխածնային էներգիայի իրականությանը և կանաչ օրակարգին: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ կլինի իրականացնել գործողությունների համապարփակ ծրագիր՝ թիրախավորելով բոլոր ուղղությունները և իրականացնելով պատշաճ տաքսոնոմիա»,-իր ելույթում նշել է նախարարի տեղակալը։
2021 թվականի ապրիլին ՀՀ Կառավարությունն հաստատել է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի 2021-2030 թթ․ վերանայված «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները», որով հռչակել է իր հանձնառությունը մինչև 2030թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 %-ով նվազեցնելու մասին։
2021 թվականի մայիսին հաստատվել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։
«Մինչև 2030 թվականը կլիմայական գործողությունների համար ներդրումային կարիքների գնահատումն ընդգծում է ֆինանսական միջոցները հայթայթելու և դրանք համապատասխանաբար բաշխելու հրատապությունը՝ Հայաստանի նպատակներին հասնելու համար։ Շրջակա միջավայրի, Ֆինանսների, էկոնոմիկայի, նախարարությունների, մասնավոր ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ սերտ համագործակցությունը և շփումը թույլ են տալիս համաձայնեցված գործողություններ մշակել ֆինանսական միջոցների հայթայթման և ծախսերի ազգային ծրագրերի կազմման համար:
Ածխածնի նվազեցման հստակ ուղիները մինչև առնվազն 2030 թվականը, ներառյալ ոլորտային հատուկ թիրախներն ու ռազմավարությունը, կօգնեն Հայաստանին իրականացնել Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և հասնել ածխածնային չեզոքության մինչև 2050 թվականը»,-նշել է նախարարի տեղակալը:
Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։