ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.10.2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ԱՍԳ (Ազգային մակարդակով սահմանված գործողություններ) գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրենի գլխավորած պատվիրակությանը

2023 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28) մասնակցության շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում էր ունեցել ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրայի հետ և վերջինիս հրավիրել Հայաստան։
Հրավերի շրջանակում ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակի պատվիրակությունը ժամանել է Հայաստան։
Հիշեցնենք, որ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ) արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը միացել է ԱՍԳ գործընկերությանը 2018 թվականի օգոստոսին:
Շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարությունները նշանակվել են որպես համակարգող մարմիններ, իսկ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ աջակցող գործընկեր։
ԱՍԳ գործընկերությունը միավորում է ավելի քան 200 անդամի, այդ թվում՝ ավելի քան 115 զարգացած և զարգացող երկրի և ավելի քան 80 հաստատության՝ մշակելու և իրականացնելու կլիմայական հավակնոտ քաղաքականություններ և ծրագրեր՝ հասնելու Փարիզի համաձայնագրի  և Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ):
Ողջունելով գործընկերներին նախարար Հակոբ Սիմիդյանը բարձր է գնահատել ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակի աշխատանքը զարգացած երկրների հետ և հույս հայտնել, որ այս այցը հիանալի հնարավորություն կծառայի՝ գնահատելու կլիմայական օրակարգում Հայաստանի Հանրապետության իրականացրած քայլերը և օժանդակելու դրանք առավել արդյունավետ դարձնելուն․
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնած պարտավորությունների առումով կլիմայական ռիսկերի արդյունավետ կառավարման տեսանկյունից պատասխանատու վերաբերմունք ունի և մենք իսկապես մեծ ցանկություն ունենք առավել արդյունավետ դարձնել մեր գործողությունները»,-նշել է նախարարը։
Պաբլո Վիեյրան իր հերթին կարևորել է այցը՝ երկրի կարիքների գնահատման տեսանկյունից․
«Նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ ցածր ածխածնային ռազմավարության հաստատման համար, ինչպես նաև կարևորել Հայաստանի ձեռքբերումներն առաջիկա ԱՍԳ-ի մասով, ինչպես նաև կլիմայական նոր օրենքի մշակման աշխատանքներում։ Այդ բոլոր ուղղություններով ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակը պատրաստակամ է օժանդակել երկրին»։
Հանդիպման ավարտին գործընկերներն անդրադարձել են հոկտեմբերի 11-ին նախատեսված Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) 3.0-ին ընդառաջ ԱՍԳ իրականացման առաջընթացի ամփոփման և «ԱՍԳ գործընկերների աջակցության համակարգման պլանի» պաշտոնական շնորհանդեսի կազմակերպչական աշխատանքներին։