ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.11.2023
Աբու Դաբիում անցկացվել է նախարարական համաժողով՝ COP 28-րդ համաժողովին ընդառաջ

Արաբական Միացյալ էմիրությունների կլիմայի հարցերով հատուկ բանագնաց, COP 28-ի նախագահ Սուլթան Ահմեդ Ալ Ջաբերի հրավերով սույն թվականի հոկտեմբերի 30-ից 31-ը շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Աբու Դաբիում մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին ընդառաջ կազմակերպված նախարարական համաժողովի։
Հանդիպման նպատակը կլիմայի փոփոխությանն ուղղված մեղմման և հարմարվողականության գործողությունների և ֆինանսական աջակցության արագացումն ու ուժեղացումն էր, մասշտաբավորումը, ինչպես նաև գործողությունների հստակեցումը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության լայնածավալ անբարենպաստ ազդեցությունները և դրա հետ կապված մարդկանց և բնությանը հասցված կորուստները և վնասները։ 
Հանդիպումն անցկացվել է կլոր սեղան քննարկումների, զուգահեռ թեմատիկ և ոլորտային քննարկումների, երկկողմ հանդիպումների ձևաչափով։ 
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը մասնակցել է «Կլիմայական ֆինանսավորման համար նոր շրջանակի կառուցում» թեմայով բարձրաստիճան նախարարական հանդիպմանը, ունեցել է երկկողմ հանդիպումներ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեդիայի, Բուլղարիայի, Սլովենիայի պատվիրակության ղեկավարների, Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային խմբի համակարգողի հետ։ 
Քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, համագործակցության նոր հնարավորություններ և 2024 թվականին COP29-ի հյուրընկալության հետ կապված հարցեր։