COP27-ի արդյունքերի քննարկում Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների կողմից
Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը համատեղ անցկացրել են 2022 թվականի նոյեմբերի 6-ից նոյեմբերի 20-ը Շարմ Էլ Շեյխում անցկացված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի («COP27») արդյունքների ամփոփիչ հանդիպում:
Աշխատաժողովը համախմբել էր ՀՀ կառավարության, զարգացման գործընկերների և ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչներին, ովքեր քննարկել են համաժողովում ընդունված որոշումների իրականացման շրջանակներում Հայաստանի կառավարությանը տրամադրվող աջակցության համակարգմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման օրակարգը ներառում էր «COP27»-ում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ զեկույց և հետագա գործողությունների մասին քննարկում, այդ թվում` ազգային պարտավորությունների կատարման, մեղացման և հարմարվողականության վերաբերյալ ազգային առաջնահերթությունների որոշման, ինչպես նաև վերջինիս հետ կապված ազգային կարիքների ու բացերի ներկայացման մասին քննարկում:
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիսթինե Վայգանդը և Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ողջույնի ելույթներով մեկնարկել են հանդիպումը` ընդգծելով երկրի կլիմայական օրակարգի ձևավորման և իրականացման հարցում բոլոր կողմերի համագործակցության կարևորությունը:
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիսթինե Վայգանդը իր խոսքում նշել է. «Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար պետք է ներդրումներ անենք տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև պետական և մասնավոր ֆինանսական հոսքեր, նոր տեխնոլոգիաներից մինչև բնապահպանական կրթություն և բնապահպանական ակտիվություն: Սա պահանջում է ինչպես արդյունավետ համակարգում, այնպես էլ խոցելի խմբերի մտահոգությունները որպես առաջնահերթություն դիտարկելն ու ուշադրության կենտրոնում պահելը»:
Կարևորելով երկրի ազգային կլիմայական օրակարգն ու տեղի ունեցող գործընթացները` Գայանե Գաբրիելյանն ընդգծել է կլիմայի փոփոխության հետևանքով ստեղծված մարտահրավերներին անդրադառնալու անհրաժեշտությունը և աջակցության համար երախտագիտություն հայտնել ՄԱԿ-ին և զարգացման ոլորտի գործընկերներին:
Նախարարի տեղակալն հանդես է եկել «COP27»-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ զեկույցով` ընդգծելով հայկական պատվիրակության նախաձեռնողական մասնակցությունը:
Մասնավորապես տեղեկացվել է, որ «COP»-ի բարձրագույն մակարդակում Հայաստանը նպաստել է Արևելյան Եվրոպայի խմբի աշխատանքներին և «COP27»-ի բանակցություններին, ներկայացվել է Հայաստանի «Երկամյա առաջընթացի երրորդ զեկույցը» ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայով նախատեսված հաշվետվության պահանջների շրջանակում:
Զեկույցին հաջորդել են ելույթներ և հարցեր կառավարության, դեսպանատների և միջազգային կառույցների գործընկերների կողմից:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը շնորհակալություն է հայտնել կլիմայական գործողությունների բարեփոխումներում ներգրավված գործընկերներին և վերահաստատել է, որ նախարարությունը պատրաստ է և արդեն իրականացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA) պահանջները` ուղղված կանաչ տնտեսությանը։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն էլ վերահաստատել է, որ Հայաստան եկող ներդրումները պետք է ունենան կանաչ բաղադրիչներ և ուղղված լինեն տնտեսության «կանաչացմանը»:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան պարոն Ջոն Գալագերը խոսել է Գլազգոյում «COP26»-ի կազմակերպման փորձի մասին: Դեսպանը վերահաստատել է Միացյալ Թագավորության հանձնառությունը կլիմայական գործողություններին և կարևորել Երևանում տրանսպորտային նոր ծրագրի շուրջ Միացյալ Թագավորության և Հայաստանի համագործակցությունը: Պարոն Գալագերը հետաքրքրություն է հայտնել տեղեկանալ առանցքային այն նախագծերին, որտեղ երկիրը կարիք ունի ավելի մեծ միջազգային աջակցության:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ազգային գործընկերներին՝ ՄԱԶԾ-ի դերը «COP27»-ում և երկրի կլիմայական այլ գործողություններում կարևորելու համար:
Տիկին Նացվլիշվիլին ընդգծել է ՄԱԶԾ մարդկային ներուժի պատրաստման և կլիմայական տարբեր գործողություններին աջակցման հանձնառությունը, ինչպես նաև նշել, որ հաջող համագործակցությունը նպաստել է Հայաստանի` «COP27»-ում և այլ հարթակներում շատ լավ պատրաստված հանդես գալուն:
Այլ միջազգային և ազգային գործընկերներ նույնպես ներկայացրել էն երկրում կլիմայական գործողություններում իրենց ներդրումները և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության և հանձնառությունների:
Հանդիպման վերջում նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ներկայացրել է Հայաստանի` դեպի «COP28», հետագա գործողությունները:
2023 թվականին նախատեսվում է նմանատիպ հանդիպում անցկացնել՝ քննարկելու Հայաստանի գործողությունների ծրագիրը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցություններին: