«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն «Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացրել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում:
Միջոցառումը միավորել էր պետական, միջազգային ու տեղական գործընկերների՝ քննարկելու վերականգնվող բնության և դիմակայուն համայնքների կառուցման առաջատար փորձը, հատկապես՝ Հայաստանի նախապատրաստությունները 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաշխարհային համաժողովին։
Միջոցառման ընթացքում հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը, Համաշխարհային բանկին, ՄԱԿ-ի համակարգին և բոլոր գործընկերներին՝ Հայաստանում կենսաբազմազանության և կայուն զարգացման խթանման գործում ունեցած դերակատարման համար։
«Հայաստանը պատիվ ունի հյուրընկալելու COP17 համաժողովը՝ բացառիկ հնարավորություն ստեղծելով կենսաբազմազանության հարցերը տեղայնացնելու՝ ազգային զարգացման, հողօգտագործման, գյուղատնտեսության և կլիմայական քաղաքականության կենտրոնում», – նշել է նա։
Նախարարի տեղակալը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի բնապահպանական քաղաքականության օրակարգում որպես առաջնահերթություն ամրագրվել է շրջակա միջավայրի պահպանության գործում շահագրգիռ ոլորտների մասնակցային ու ներառական լինելու սկզբունքը, որի ուղղությամբ ներկայումս ներդրված են հսկայական ջանքեր.
«Մենք հստակ սահմանել ենք, որ առանց կայուն համայնքների, նպատակաուղղված ֆինանսական միջոցների, թիրախային օգտվողների շահերի, դժվար է հասնել կայուն տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պահպանության: Այս համատեքստում շրջակա միջավայրի պահպանությունը միայն բնության պահպանությունը չէ, այլ ի վերջո դա հենց մարդու առողջ ապրելակերպի հիմնաքարն է»,- նշել է նա,- «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը այդ ուղղությամբ իրականացված քայլերից մեկն է, և նմանօրինակ ծրագրերի շարունակականության արդյունքում կարող ենք ի վերջո հասնել ցանկալի արդյունքի: Այս համատեքստում հատկանշական են ոչ միայն պետության կողմից ներդրված ջանքերը, այլ նաև մեր միջազգային գործընկերների կայուն աջակցությունը»:
Միջոցառման ընթացքում քննարկվել են հետևյալ առանցքային թեմաները՝
-Կենսաբազմազանության պահպանության նորարարական ֆինանսական լուծումներ,
- COP17-ին ընդառաջ մշակվող ռազմավարական ուղղություններ,
- Կլիմայի փոփոխության հարմարվողականության և կենսաբազմազանության պահպանության ոլորտում միջազգային համագործակցության հնարավորություններ,
-Համայնքային մակարդակում էկոհամակարգերի վերականգնման և կառավարման գործնական մոդելներ, մասնավորապես՝ «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի օրինակով։
«Երևանյան երկխոսություն 2025» հարթակը միտված է համախմբելու ազգային և միջազգային առաջնորդների, քաղաքական գործիչների, գիտնականների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների՝ համատեղ արձագանքելու գլոբալ բնապահպանական մարտահրավերներին՝ կենսաբազմազանության կորստի կանխման հրատապությանը պատասխանելու նպատակով։
