ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.12.2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցում է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ  Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի  գլխավորությամբ  Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը  մասնակցում է Սաուդյան Արաբիայի (Ռիյադ քաղաքում) տեղի ունեցող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովին:
Պատվիրակության կազմում է  վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը:
Աշխարհի տասնակ երկրների բարձրաստիճան  ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովից ակնկալվում են ոլորտի կառավարման  շրջադարձային որոշումներ` բարձրացնելու համաշխարհային հավակնությունները և արագացնելու գործողությունները հողերի վերականգնման և երաշտի նկատմամբ դիմակայունության բարձրացման ուղղությամբ:
Անատապատացումը՝ որպես համաշխարհային բնապահպանական հիմնախնդիր, պահանջում է կիրառել արդյունավետ միջոցներ, ուստի ակնկալվում է, որ UNCCD COP16-ի ընթացքում երկրները կնախանշեն  իրենց համատեղ  գործողությունները՝ արագացնելու դեգրադացված հողերի վերականգնումը  մինչև 2030 թվականը և բարձրացնել երաշտներին  պատրաստվածությունը,  արձագանքը և ճկունությունը:
Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունն ակտիվ գործունեություն է ծավալում և խստորեն հավատարիմ է ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացմանը:
Տեղեկացնենք, որ Հայաստանը սահմանել է հողերի չեզոք դեգրադացիայի (ՀՉԴ-LDN) հասնելու թիրախ՝ մինչև 2040 թվականը 2000-2010 թվականներին կորցրած ածխածնի պաշարները վերականգնել և ներկայիս համեմատ ավելացնել 2,8%-ով:
2023 թվականին Երևանն հյուրընկալել է  Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման խոշոր աշխատաժողովը:
2024 թվականին  Հայաստանը որպես տարածաշրջանային նախագահող երկիր, հյուրընկալեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ազգային համակարգողներին և գիտական ներկայացուցիչներին` քննարկելու UNCCD COP-16-ի որոշումների նախագծերը: