Նյու Յորքում ընթացող «Concordia» 15-րդ տարեկան գագաթնաժողովի շրջանակում որպես բանախոս շրջակա միջավայրի նախարարը մասնակցել է «Գործադիր խորհրդատվական շարք․ Կլիմա և կենսաբազմազանության պահպանում» խորագրով քննարկմանը։
Քննարկումն ընդգրկում էր կլիմայական փոփոխությունների և կենսաբազմազանության պահպանության հրատապ խնդիրները՝ համաշխարհային օրակարգի համատեքստում։
Բարձր մակարդակի այս քննարկմանը նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդես եկավ Կոլումբիայի նախկին նախագահ Իվան Դուկեի և Կլիմայի համաշխարհային հիմնադրամի գլխավոր տնօրեն Յենս Նիլսենի հետ միասին։
Իր ելույթում շեշտեց, որ բնության մեջ ներդրումների մասին խոսելիս չպետք է այն դիտարկվի որպես ծախս․ բնությունը ինքնին ամենաթանկ կապիտալն է։
Ներկայացրեց Հայաստանի ձեռնարկած քայլերը․դեգրադացված հողերի վերականգնման, անտառածածկույթի ընդլայնման և կլիմայամետ գյուղատնտեսության խթանման համատեքստում։ Դրանք առանձին ծրագրեր չեն, այլ միահյուսված են Հայաստանի համապարփակ ազգային ռազմավարությանը։
Ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի՝ COP17 համաժողովին։
Հայաստանը նպատակ ունի շարունակել Կոլումբիայի կազմակերպած COP16-ի հաջողությունները՝ բնության պահպանության ֆինանսավորման, տեղական համայնքների և բնիկ ժողովուրդների ներառման ու հաշվետվողականության ամրապնդման ուղղություններով։ Նպատակն է ապահովել, որ կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերը դիտարկվեն միասնական՝ որպես փոխկապակցված և փոխադարձաբար միմյանց ուժեղացնող գործընթացներ։
COP17-ը ոչ միայն որպես պաշտոնական համաժողով է, այլ որպես համաշխարհային իրադարձություն, երբ միջազգային հանրությունը կարող է վերահաստատել իր հանձնառությունները և դրանք վերածել իրական արդյունքների։
Նա նշեց, «Հայաստանը պատրաստ է զարգացնել համապարփակ քաղաքականություն՝ ուղղված կենսաբազմազանության պահպանմանը և կլիմայական փոփոխությունների հաղթահարմանը։ Բայց մենք միայնակ չենք կարող հաջողել․ համագործակցությունն այս ամենի բանալին է։ Միասին, գործընկերների հետ, մենք կարող ենք կերտել նոր ուղի, որտեղ կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերը կուժեղացնեն միմյանց, իսկ նպատակը կդառնա տևական ազդեցություն»։
